Մերսումը շատ կարևոր է մարդու առողջության համար: Այն համարվում է լրացուցիչ բուժման տեսակ: Լրացուցիչ թերապիաները նպատակ ունեն բուժելու մարդուն և որոշակի հիվանդություններն ամբողջապես, այլ ոչ թե միայն ժամանակավորապես վերացնել ցավերն ու ախտանշանները: Այսպիսի թերապիաներն օգտագործվում են սովորական կամ հիմնական բժշկության հետ միասին:
Մարդիկ օրեցօր ավելի ու ավելի են կարևորում մերսումն իրենց կյանքում: Եվ, չնայած իր մեծ տարածմանը, գոյություն ունեն մի շարք միֆեր, որոնք շփոթություն են առաջացնում մարդկանց մոտ:
Եկեք միասին բացահայտենք և մերժենք մերսման մասին գոյություն ունեցող բոլոր միֆերը: Եվ այսպես գնացինք.
Միֆ 1
Բոլոր տեսակի մերսումները հիմնականում նույնն են: Սա այն շատ տարածված միֆերից է, որոնք անդադար պտտվում են մարդկանց մտքերում: Գոյություն ունեն մերսման տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դերը: Օրինակ, սպա մերսումը պատասխանատու է սթրեսի նվազեցման համար, ինչպես նաև օգնում է նվազեցնել և թուլացնել մկանների ընդհանուր ցավը: Կամ, օրինակ, սպորտային մերսումը օգտակար է նաև անհրաժեշտ յուրաքանչյուր մարզիկների համար, լինեն նրանք օլիմպիական մարզիկներ կամ էլ սիրողական մարզվողներ: Այս տեսակի մերսումներն օգնում են թուլացնել մարմնի մկաններն ու հոդերը: Ֆիզիկական թերապիայի համար մերսումն ուղղված է հատուկ վնասվածքների վերականգնմանը:
Միֆ 2
Մերսման ազդեցությունը միայն ժամանակավոր է: Մերսման շնորհիվ մասնագետը կարող է օգնել նախօրոք «մարզել» լարված մկանները նախքան ֆիզիկական վարժություններ կատարելը, որն իր հերթին օգնում է նվազեցնել ցավն ու սթրեսը մարմնի վրա մերսման գործընթացն անցնելուց հետո նույնիսկ երկար ժամանակ: Եթե ուզում եք վարել առողջ ապրելակերպ, ուրեմն կանոնավոր մերսումը վերջինիս հիանալի միջոցն ու տարբերակն է: Այն օգտակար է նաև մի շարք քրոնիկ ցավերից ձերբազատվելու, նույնիսկ նրանց բուժելու համար:
Միֆ 3
Մերսման ընթացքում միայն մկաններն են շարժվում և վերջ. ամենատարածված միֆերից մեկը: Վերապատրաստում անցած մերսման մասնագետները կարող են օգնել թեթևացնել և թուլացնել այտուցված հոդերը՝ նրբորեն շարժելով կուտակված սինովյան հեղուկը (սինովյան հոդերը պատված են հոդաշապիկով, վերջինս արտադրում է սինովյան հեղուկ, որպեսզի ոսկորները շարժվելուց իրար հետ չշփվեն և չմաշվեն): Մերսման մասնագետները պրոցեդուրայի շնորհիվ կարող են նաև ձգել ֆասիայի «լարված» տարածքները, հյուսվածքները, որոնք միացնում են ոսկորները, հոդերը և մկանները:
Միֆ 4
Մերսումից հետո պետք է մարմինը ցավի, հակառակ դեպքում նշանակում է, որ մերսումը ոչնչով չի օգնել: Որոշ մարդիկ հնարավոր է, որ մերսումից հետո ցավի զգացողություն ունենան, մանավանդ եթե մերսման են ենթարկվել խորը հյուսվածքները, քանի որ մկանները տեխնիկապես աշխատում են և արդյունքում Դուք ունենում եք նույն զգացողությունը, ինչն, օրինակ, կզգայիք ֆիզիկական վարժություններ անելիս, կամ ֆիթնեսով զբաղվելիս: Սակայն եկեք չմոռանանք, որ մերսման կարևոր առանձնահատկություններից է այն, որ գործընթացն օգնում է մարմնին հանգստանալ և թուլանալ, որի արդյունքում մարմնի ցավ չի զգացվում, և այստեղից հետևություն անել, թե առանց հետցավերի մերսումն անարդյունավետ է և ձախողված, պարզապես սխալ է։
Միֆ 5
Մերսման ընթացքում ցավի զգացողություն ունենալիս չպետք է ընդհատել մասնագետի աշխատանքը: Միանշանակ սխալ է: Շատ կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր ցավ նշան է, որ մարմնի տվյալ հատվածում կա խնդիր: Եվ ցանկացած ցավի դեպքում պետք է տեղյակ պահել մասնագետին դրա մասին, որպեսզի ընտրվեն այն տարբերակները, որոնք Ձեզ ցավ չեն պատճառի:
Միֆ 6
Մերսումն օգնում է 100%-ով ազատվել ցելյուլիտից: Ցավոք սրտի սա այն դրական միֆերից է, որը ճիշտ չէ: Ցելյուլիտը պարզապես ենթամաշկային ճարպային բջիջների նշան է և ավելի շատ կապված է ժառանգականության և նյութափոխանակության հետ: Եվ այս ոչ ցանկալի երևույթից լիովին ձերբազատվելու լավագույն տարբերակներից մեկը ֆիթնես պարապմունքների և մերսման պրոցեդուրայի զուգակցումն է:
Եվ այսպես միասին բացահայտեցինք մի քանի միֆեր մերսման մասին, որոնց պատասխաններն արդեն շատ լավ գիտեք:
Իսկ որո՞նք են մերսման առավելությունները՝
- այն բարելավում է քունը,
- բարելավում է արյան շրջանառությունը,
- լավացնում է մաշկի գույնը,
- վերացնում է հոգնածությունն ու մի շարք ցավերը,
- հանում է դեպրեսիվ և անհանգիստ վիճակից,
- բարելավում է ընդհանուր կյանքի որակը և այլն:
Բոլոր տեսակի հիվանդություններ ունեցող մարդիկ մերսման փուլեր անցնելուց առաջ պետք է խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ: Վերջինիս թույլտվությունից հետո շատ կարևոր է որոշել, թե ո՞ր մասնագետին կընտրեք մերսումն իրականացնելու համար: Ընտրված վատ մասնագետի դեպքում նույնիսկ առողջ, խնդիրներ չունեցող հաճախորդը կարող է ձեռք բերել առողջական և ֆիզիկական խնդիրներ:
Եղեք առողջ և բարելավեք Ձեր կյանքի որակը: